ԱԺ Լուսավոր Հայաստան կուսակցությունը հեղինակել է Եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«ՀՀ վարչապետը ստորագրել է մի փաստաթուղթ, որը կոչվում է հայտարարություն, սակայն միջազգային կանոոնակարգով դա միջազգային պայմանագիր է»,- այս մասին իր զեկույցում ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ վարչապետն այդ փաստաթղթի ստորագրմամբ գերազանցել է իր լիազորությունների շրջանակը, այն հակասության մեջ է նաև միջազգային իրավունքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի հետ, որտեղ նշված է, որ ուժի կիրառման սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագիրն առ ոչինչ է, իսկ իշխող կուսակցությունն ու գործող վարչապետը բազմիցս հայտարարել են, որ դա այդպես էլ եղել է։
Սիմոնյանը նաև նշեց, որ իրենց առաջ բերած նախագծի մի շարք դրույթներ արդեն կիրառվել են, քանի որ հատուկ ընթացակարգով առաջարկը միայն այսօր է հասել քննարկման, սակայն որոշ կետեր դեռ մնում են արդիական։
«Իմ քայլը», ի դեմս պատգամավոր Վահագն Հովակիմյանի, կարծում է, որ հանրային քննարկում անցկացնել գերիների վերադարձի հարցով, սխալ է, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ պարզապես հարցերն ու ելույթները պետք է ճիշտ բառապաշարով կազմել։
Ինչպես ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, նախագիծը քննարկվել էր արտահերթ նիստի համար, սակայն այն չկայացավ՝ իշխող կուսակցության բոյկոտի պատճառով։ Նա առաջարկեց նախագիծն օգտագործել՝ քննարկելու առկա կարևոր հարցեր։ Սակայն, ինչպես ակնկալվում էր, որոշման նախագիծը մերժվեց։