Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ համապարփակ ներկայացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարը նամակում նշել է, որ համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամի պայմաններում, տարածաշրջանում տասնամյակներ տևած զինադադարի խախտմամբ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքերի մեծաթիվ կորուստների, Արցախի բնիկ ազգաբնակչության լայնածավալ էթնիկ զտումների, կանխամտածված ավերածությունների, հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պղծման ու վանդալիզմի:
Նամակում առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի ոչ լիարժեք իրականացումը, որով նախատեսվում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»:
Շեշտվել է, որ Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր այս հանձնառությունը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:
Նախարար Այվազյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է նաև մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու Ադրբեջանի դժկամության վրա: