Կառավարությունն ընդունեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Հոդվածի համաձայն՝ ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Սակայն, տվյալ ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում մինչ օրս առկա չէ:
Եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել ամբողջական և հստակ կիրառելի դարձնել ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածը:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել դեռևս 2016 թվականին, որի 8-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է 235.1-ին հոդվածով: