Հունվարի 15-ին «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։
Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»։
«Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Հիշեցնենք նաև, որ ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: