Նախկին ոստիկանպետ Արման Սարգսյանը, որը 25 տարի ծառայել է համակարգում, այժմ իր համար մեծ պատիվ է համարում, որ հետպատերազմյան իրավիճակում նշանակվել է պաշտպանության փոխնախարար և փորձելու է իր լուման ներդնել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում։
«Իմ տված նախկին հարցազրույցներից մեկում նշել եմ, թե ինչ կարգավիճակում էլ լինի, ես նորից, անգամ առանց աշխատանքի, կծառայեմ երկրին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ նորանշանակ փոխնախարարը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու նա ազատվեց ոստիկանապետի պաշտոնից։ Արման Սարգսյանը պատասխանեց, որ իր պաշտոնից ազատման հստակ պատճառը չգիտի։ Նշեց, որ իր աշխատանքի գնահատականը տվել է վարչապետը, բայց ենթադրում է, թե ինչի համար կարող էին իրեն պաշտոնից ազատել՝ «Եկեք այդ մասին բան չասեմ: Միգուցե ինչ-որ խնդիրներ լավ չեմ լուծել, ենթադրում եմ, կորոնավիրուսի հետ կապված»:
Հարցին, թե սպասելի՞ էր, որ նոր պաշտոն կստանաք, Արման Սարգսյանն արձագանքեց․ «Պարզ ասեմ, որ ինձ համար սպասելի է եղել յուրաքանչյուր կարգավիճակով ծառայել հայրենիքին: Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունում իմ ծառայության ընթացքում մամուլը ոչ միշտ է օբյեկտիվ ներկայացրել տեղեկատվությունը։ Ես որոշակի ներդրում եմ ունեցել ոստիկանության ծառայության կազմակերպման մի շարք խնդիրների լուծման առումով: Հույս ունեմ, որ ՊՆ-ում կարողանալու եմ և անելու եմ ամեն ինչ, որ օգուտ բերեմ պետությանը»,-նշեց նա։
Նորանշանակ փոխնախարարը, սակայն, զերծ մնաց պատասխանել պաշտպանության ոլորտին վերաբերող իրեն ուղղված հարցերին։ Ասում է՝ դեռ հստակեցված չէ՝ ՊՆ-ում որ ոլորտներն է համակարգելու։ Դեռ ծանոթանում է խնդիրներին։
Հիշեցնենք, որ Արման Սարգսյանն օրեր առաջ է նշանակվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնում։ Նա նախկինում զբաղեցրել է ոստիկանապետի պաշտոնը։