Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմը։
Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրել է այս պահի դրությամբ հաստատված աջակցության ծրագրերի արդյունքները և հետագա անելիքները: Այնուհետև նիստին հրավիրված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ծրագրերի իրականացման ընթացքը: Քննարկման շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի կողմից ներկայացվել են նաև շահառուներից ստացված արձագանքները:
Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը՝ արձագանքելով ընթացիկ խնդիրներին և նոր միջոցառումների առաջարկներ ներկայացնել:
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ծրագիրը հաստատավել է դեկտեմբերի 17-ի Կառավարության նիստում։ Հրապարակվել է այդ աջակցություններից օգտվելու ընթացակարգը։