«Լուսավոր Հայաստանի» ներկայացրած՝ «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծը՝ 37 կողմ, 76 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, չմտավ նստաշրջանի օրակարգ։
«Իմ Քայլը» խմբակցության ղեկավարր Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ իշխանությունը պատերազմական իրավիճակից դուրս գալու իր ճանապարհային քարտեզն էր ներկայացրել։
«Ընդդիմության կողմից հնչեցվող թեզին, թե իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի, մենք դրա հետ կապված որևէ առարկություն չենք ներկայացրել և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ և քայլերի հերթականություն մշակել։ Հիմա «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ եկեք դնենք այդ ամբողջը մի կողմ, եկեք քննարկենք միայն այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում»,- նշեց Մակունցը։
«Իմ Քայլը» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ «Լուսավոր Հայաստան»-ի գործողություններն ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը։
Փոխադարձ մեղադրանքներ հնչեցին նաև ԼՀԿ-ի կողմից։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին ասաց․ «Առաջարկում եմ նախագիծն ընդունել օրակարգ, դուք եկեք, ասեք, որ վարչապետը չպետք է հեռանա, և շարունակենք քննարկումը: Ի՞նչ կա դրա մեջ: Սահմանադրության ներսում եղած գործողությունները մերժում եք։ Ուզում եք սահմանադրական հունից հանե՞լ պրոցեսները։ Ձեր քվեարկությամբ սահմանադրական հունը փոխում եք»:
Հիշեցնենք, որ «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշման նախագիծ է ներկայացրել։
ԱԺ այս որոշման նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, լինելով խորհրդարանական պետության առաջնային մանդատով օժտված միակ մարմինը, չի կարող մեկուսացած մնալ իրավաքաղաքական և ռազմաքաղաքական գործընթացներից: