Աժ օրակարգը չի համապատասխանում այն խնդիրներին և իրավիճակին, որում այսօր հայտնվել է մեր երկիրն ու ժողովուրդը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր Հայաստանը հայտնվել է անվտանգային, քաղաքական, տնտեսական, ֆինանսական կոլապսի մեջ։ Մելքումյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է հրաժարական տա, քանի որ չի ընկալում՝ ինչ է կատարվում։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը շաբաթ- կիրակի օրերին եղել է Սյունիքի մարզում։ Այցելել է Շուռնուխ և Որոտան համայնքներ։ Պատգամավորն այսօր ԱԺ ամբիոնից մանրամասներ ներկայացրեց․
«Որոտան գյուղն ու համանուն ՀԷԿ-ն ուղիղ հակառակորդի նշանառության տակ են։ Գորիս-Կապան ճանապարհին ամեն վայրկյան կարող ես գերի ընկնել։ Ո՞վ է անվտանգության երաշխքիներ տալու։ Եթե անվտանգության երաշխիքներ տալիս եք, եկեք և ԱԺ ամբիոնից հայտարարեք, որ տալիս եք։ Եթե չկա՝ դա էլ ասեք։ Ո՞վ է երաշխիք տալու, որ Սյունիքը մի երկու ժամվա ընթացքում չի կտրվելու մայր հայրենիքից»,- հարց բարձրացրեց Միքայել Մելքումյանը։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմից հետո հայ- ադրբեջանական սահմանները դեռ հստակեցված չեն․ սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ են տարվում։