Խորհրդարանը երկրորդ ընթեցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարցը ներկայացնող ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկով օրինագծի 6-րդ հոդվածում փոփոխություն է կատարվել։
Ոստիկնապետի տեղակալը մանրամասնեց, որ վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարկիչներ օգտագործելու համար սահմանվող 1 տուգանային միավորի փոխարեն կսահմանվի 0.5 միավոր՝ հաշվի առնելով նշված արարքի հանրային առավել նվազ վտանգավորությունը, հասարարական տրանսպորտային վարորդի կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ։
Արա Ֆիդանյաննն ասաց, որ օրինագծի ընդունման արդյունքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային համակարգի կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը:
Իսկ մինչ այդ տուգանային միավորը՝ որպես վարչական տույժ, կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով։
Հիշեցնենք, որ այս փոփոխությունները նախորդ շաբաթ արդեն դրական եզրակացություն էին ստացել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կայացած քննարկման արդյունքում։
Հանձնաժողովում քննարկվում էր երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների ամբողջական և պատշաճ գործարկումը։