Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմում կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Նրա գործունեության ժամանակաշրջանն ընդհանուր առմամբ շատ բարդ է եղել և նա պատվով է կատարել իր աշխատանքը: Եվ ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին:
Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և ձևակերպել խնդիրը, որը դրված է նրա առաջ:
«Ընդհանրապես մենք բոլորս և պետական կառավարման համակարգը՝ որպես երկրի իրավիճակի պատասխանատու, շատ ծանր ժամանակներ ենք ապրել: Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնք պետք է արդյունավետ կառավարել:
Պետք է չթաքցնել, որ, այո՛, պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից:
Այդ ռեսթարթն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ: Եվ, բնականաբար, ոչ միայն պարոն Թորոսյանի առաջ, բոլորիս առաջ: Բայց այդ ազդակներն առաջին հերթին պետք է հղվեն վարչապետի աշխատակազմից»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք այս ընթացքում ամենատարբեր իրավիճակներում են եղել, և, ըստ էության, գիտեն պետական կառավարման համակարգի բոլոր առավելություններն ու թերությունները. «Որտեղ է, որ կարողանում ենք որակյալ աշխատանք անել և ինչու, որտեղ է, որ մենք չենք կարողանում որակյալ աշխատանք անել և ինչու: Եվ մենք պետք է առավել ևս այս իրավիճակում պետական կառավարման նոր նշաձող դնենք, որն ըստ էության հանրությանը մատուցվող ծառայություն է, և այդ ծառայության որակը պետք է բերենք բոլորովին նոր մակարդակի»,- ասել է վարչապետը:
Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնեել վարչապետին՝ վերջին երկուսուկես տարիների ընթացքում պատասխանատու պաշտոնը վստահելու համար:
Արսեն Թորոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու աշխատանքը կամ ծառայությունը վստահելու համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Աղաջանյանին կատարած աշխատանքի համար և վստահեցնել, որ մենք կպահենք այդ բարձր նշաձողը, և պարոն վարչապետ, Ձեր մատնանշած խնդրի լուծմանը զուգընթաց, կփորձենք այն ավելի բարելավել: