Խորհրդարանը քննարկեց «Իմ Քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր:
Օրենքի նախագծի հեղինակի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների առանձին օր նշվի մեր երկրում: Ըստ պատգամավորի՝ այս քայլով ազգային փոքրամասնությունների խնդիրների վրա ուշադրություն են հրավիրում, որպեսզի դրանք նաև լուծում ստանան։
«ՀՀ բնակչության շուրջ 1.8-2 տոկոսի մեջ ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են: Ազգային փոքրամասնությունների կարևորությունը ՀՀ-ում նաև արտահայտվում է Սահմանադրությամբ։ Կարծում եմ, որ «Իմ Քայլը», որպես իշխող ուժ, նաև ազգային փոքրամասնությունների հարցում անելիք ունի։ Հայերի մեծ մասը չի ճանաչում իր կողքին ապրող ազգային փոքրամասնություններին»,-նկատեց իմքայլական պատգամավորը։
Բաքոյանը նշեց, որ ՄԱԿ-ի 1966 թվականի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով ամրագրված է, որ այն երկրներում, որտեղ գոյություն ունեն ազգային փոքրամասնություններ՝ էթնիկ, կրոնական և լեզվական, ապա այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժվել նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու, ծիսակատարությունները կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը:
Հիշեցնենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը քննարկվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում անցած շաբաթ։ Այն հավանության արժանացավ։