Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում:
Ողջունելով դիվանագետին՝ վարչապետը նշել է, որ Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն ու ռեզիդենտ դեսպանի նշանակումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում, որը կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը՝ նաև Եվրոպական միության շրջանակում: Անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը շարունակվում է:
Իր հերթին Նիկոլաս Սխերմերսը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ: Կարևորելով բարձր մակարդակի երկկողմ փոխայցերը՝ դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն, որը հետաձգվել էր կորոնավիրուսային իրավիճակի պատճառով:
Սխերմերսը ցավակցություն է հայտնել վարչապետին Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հարցեր: