Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվայում է։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց նրա եղբայր, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ասում է՝ մասնավոր այցով են ՌԴ մայրաքաղաք մեկնել։ Նա հավաստիացրեց, որ տելեգրամյան ալիքներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե նրանք մեկնել են ՌԴ՝ քաղաքացիություն ստանալու, իրականությանը չեն համապատասխանում։
«Ծիծաղելի է, որ ասում են՝ Աննա Հակոբյանը, Մարիամ և Շուշան Փաշինյանները գնացել են Մոսկվա և տուն են գնում։ Զավեշտալի է։ Չեմ կարծում, որ տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը պետք է Մոսկվա հասնի»,- նկատեց պատգամավորը։
Հրաչյա Հակոբյանը պնդում է, որ սոցցանցերում հայտնված տեսանյութերը ևս կեղծ են, որոնց համաձայն Մոսկվայում է նաև վարչապետի որդին։ Աննա Հակոբյանի եղբոր պնդմամբ՝ այդ տեսանյութերը տեսնելուց անմիջապես հետո Աշոտ Փաշինյանին է զանգել։ Վերջինս ասել է, որ տանն է գտնվում։
Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ մուտք գործելու սահմանափակումները չեն ազդել Աննա Հակոբյանի մասնավոր այցի վրա։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց․
«Չեմ հարցրել, թե ինչպես է եղել այդ մասնավոր այցը։ Միգուցե, ՌԴ մեկնելու սահմանափակումների վերաբերյալ առկա կետերն անցել են և գնացել են»,-նշեց նա և չմեկնաբանեց այն հարցը, թե ինչպես է, որ Աննա Հակոբյանին և դուստրերին Մոսկվայում ՌԴ անվտանգության աշխատակիցներն են ուղեկցում։
Հիշեցնենք, որ արդեն շաբաթներ շարունակ տելագրամյան ալիքներից մեկը տեսանյութեր է հրապարակում և տեղեկացնում, որ Աննա Հաբոբյանը դուստրերի հետ Մոսկվայում է։ Նրանք, իբրև, պատրաստվում են ՌԴ քաղաքացիություն ստանալ և այնտեղ բնակարան գնել։