Ալիևի հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Այս մասին ԱԺ հերթական հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» պատգամավոր Տաթև Հայրապետյանի հարցին, թե ինչ է մտածում ՀՀ արտաքին հարցերով գերատեսչությունն Ալիևի իրարամերժ հայտարարությունների վերաբերյալ։
Մի կողմից Ալիևը նշում է, որ հակամարտությոունը լուծված է, մյուս կողմից՝ հակամարտությունը բորբոքող հայտարարություններ անում։ Սա վկայում է այն մասին, որ հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ հայկական պետությունների միասնական օրակարգի անհրաժեշտությունը կա։
«Շատ կարևոր էր իմ վերջերս Արցախ այցելությունը։ Մենք քննարկել ենք ընդհանուր օրակարգ ձևավորելու ու համակարգելու անհրաժեշտությունը»,- ասաց Այվազյանը՝ հավելելով․
«Նախ և առաջ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, երկրորդ հարցը դեօկուպացիան է և հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, երրորդը միջազգային հանրության հումանիտար օգնությունն է Արցախին և չորրորդը՝ մեր մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը»։
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպման ժամանակ Մոսկվայում Ալիևը հայտարարեց, որ լուծված է համարում Ղարաբաղյան հակամարտությունը, իսկ ավելի ուշ Շուշի այցելության ժամանակ ասաց, որ Հայաստանում ռևանշի մասին հայտարարություն անողները չպետք է մոռանան ադրբեջանական երկաթե բռունցքի մասին։