«Փաստ»-ը գրում է. «Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող կուսակցությունների տեսակարար կշիռը համաշխարհային միջին ցուցանիշից բավականին բարձր է: 100-ից ավելի կուսակցությունների գոյությունը նորմալ քաղաքական երեւույթ չէ նման փոքր երկրի համար: Բայց, դե, հայերս սիրում ենք ամեն ինչից շատը, ինչպես սիրում ենք ասել` շատ լինի, քիչ չլինի: Ինչ խոսք, Հայաստանը ժողովրդավարական երկիր ենք հռչակել, հետեւաբար, չի արգելվում կուսակցություն հիմնելը, քաղաքականությամբ զբաղվելը եւ, դիցուք, իշխանության համար պայքարելը»:
«Ժամանակ»-ը գրում է. ««Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի և նրա հովանու տակ անցած «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հարաբերությունները սրվել են: Թովմասյանը Վարդանյանին մեղադրել է իր գումարներով սեփական փիառով զբաղվելու համար, իսկ Վարդանյանը Թովմասյանին՝ ոչ բավարար չափով գումարներ տրամադրելու մեջ: Թովմասյանից հիմա բողոքում են նրա բոլոր քաղաքական գործընկերները, որոնց Թովմասյանը իր քաղաքական դաշտ մուտքի պահին ֆինանսական մեծ խոստումներ է տվել, բայց հետո հրաժարվել»:
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ աշխատանքից անսպասելիորեն ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, դրան նախորդել է թեժ զրույց վերադասի հետ։ Թեման նախօրեին՝ Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ Թուխիկյանի հետ կապված միջադեպն է եղել։ Մի կին փոխնախարարին ու նրա թիմին դավաճան է անվանել, իսկ Թուխիկյանն ընդամենը լուռ ժպտացել է։ Պարզվում է՝ միջադեպը եւ փոխնախարարի պահվածքը դուր չեն եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, իսկ ըստ որոշ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանին, եւ նախարարը փոխնախարարին մեղադրել է քաղաքացու ասածները «կուլ» տալու մեջ ու նախատել մեղադրողներին իրենց տեղը ցույց չտալու համար։ Զրույցից հետո Թուխիկյանը գրել է ազատման դիմումը»։
«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի իշխանությունը մտադիր է վերականգնել Ներքին գործերի նախարարությունը: Բայց այն այլևս այնպիսին չի լինի, ինչպիսին նախկինում էր, երբ ՆԳՆ-ի տակ առաջին հերթին հասկացվում էր ոստիկանությունը: Ներքին գործերի նախարարությանը կվերապահվի ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունների իրականացումը: Ոստիկանությունը, որպես առանձին կառույց, կլինի վարչապետին կից, իսկ ՆԳՆ-ն կլինի կառավարության կազմում»:
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեռեւս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կառավարման ժամանակահատվածում նախարարությունում դժգոհություններ են եղել փոխնախարար Նարինե Խաչատուրյանից (Թուխիկյան): Բանն այն է, որ Խաչատուրյանը համակարգում էր մշակութային ոլորտը, ու այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չէր իրականացվում: Նշենք, որ երեկ անակնկալ հայտնի դարձավ, որ Նարինե Թուխիկյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից»: