Դեկտեմբերի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստի ժամանակ նշվել է, որ «Էլեկտրոնային քրեական գործ» համակարգի ներդրման ծրագիրը մեկնարկել է և խումբը մինչև մարտ ամսվա վերջ կպատրաստի դրա մանրամասն նկարագիրը։
Փոխվարչապետը շեշտել է արդարադատության միասնական համակարգի մաս հանդիսացող իրավական ակտերի նախագծերի քննարկման, մշակման և ընդունված իրավական ակտերի շտեմարանների արդիականացման կարևորությունը։
Ներկայումս գործող Իրավական տեղեկատվական համակարգը (arlis.am) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի համապարփակ շտեմարան է։ Այս համակարգի հետ զուգահեռ գործում է նաև Իրավական ակտերի նախագծերի հրապարակման е-draft.am միասնական կայքը։
Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ «arlis» և «e-draft» համակարգերի արդիականացման շնորհիվ կստեղծվի որակապես նոր էլեկտրոնային հարթակ, որը կապահովի իրավաստեղծ գործունեության ամբողջական թվայնացումը։