ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։
Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն և այլք։
Նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է ՀՀ վարչապետ կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։
Փարիզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
Նախատեսվում է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը։