Արամ Սարգսյանը այսօր հարգանքի տուրք է մատուցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած խորհրդարանականների և կառավարության անդամների հիշատակին, որոնց թվում էր նաև նրա եղբայրը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը։
Լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը նշել է, որ չի կասկածում, որ Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների բացահայտմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։
Նա նշել է, որ այս գործն, անշուշտ, քաղաքական ենթատեքստ ունի։
«Բոլորիս հայտնի է, որ մի անգամ արդեն քաղաքական դատավարություն է եղել, սակայն դրա արդյունքները որևէ մեկին չեն բավարարել»,- նշում է Արամ Սարգսյանը։
Նա հավելել է նաև, որ այժմ, բարեփոխումների գործընթացի մեջ գտնվելով, երկրում դատական համակարգը վստահություն այնքան էլ չի ներշնչում, և չկան երաշխիքներ, որ նոր քննության արդյունքները վստահություն կներշնչեն։
Անդրադառնալով հանցավոր խմբավորման անդամ Նաիրի Հունանյանի՝ բանտից վաղաժամ դուրս գալու ձգտումներին՝ Արամ Սարգսյանը նշում է, որ վերջինս հավանաբար կարող է օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է և ինքը, նոր ցուցմունքներ տալով, այդպիսով կհայտնվի շահեկան վիճակում։
Նա նաև շեշտել է, որ զոհվածների հարազատները ամենից շատ ցանկանում են այս գործի և նրանում ներգրավված իրական հանցագործների բացահայտումը: