Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր։
Լավրովի խոսքով՝ Աշխաբադում անցկացվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացած հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների միջև շատ ինտենսիվ երկխոսություն է ընթանում թե՛ առաջին դեմքերի, թե՛ արտաքին գործերի նախարարների, թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակիցների մակարդակով, ինչպես նաև տնտեսական ինտենսիվ փոխգործակցություն է ծավալվում։
Լավրովը նշել է, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկու երկրների գործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ՄԱԿ-ում և, իհարկե, հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն միավորումներում։
Զոհրաբ Մնացականյանը նույնպես ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցության բարձր ինտենսիվությունը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրները միջազգային օրակարգի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի շուրջ կառուցողական մոտեցում են ցուցաբերում: