Հայաստանում կանցկացվեն աննախադեպ ռազմավարական զորավարություններ՝ զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և ՏԻՄ, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով: Այս մասին այսօր կայացած Կառավարության նիստում նշել է Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք զորավարժություններին։
Դավիթ Տոնոյանը նշել է, որ ռազմավարական զորավարժությունների նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով՝ ուսումնավարժական հավաքները և պարապմունքները կրում են ռազմավարական զորավարժությունների բնույթ:
«Այս մասշտաբի զորավարժություն Հայաստանում չի անցկացվել, բայց ամենակարևորը, որ այն մեր միջազգային պարտավորությունների շրջանակում է՝ թվաքանակների ու ներգրավվող միջոցների առումով: Մարտական ուսումնական հավաքներին ներգրավվող անձանց ընդամենը 6 տոկոսն է, որ ներգրավվելու է զորավարժություններին 3-5 օրով: Մնացած 94 տոկոսը ուղղակի ներկայանալու են հավաքակայաններ: Այդ 6 տոկոսը տեղեկացված է, սննդի և մյուս հարցերը լուծված են»,- նշել է Դավիթ Տոնոյանը։
Ըստ պաշտպանության նախարարի՝ ուսումնավարժական հավաքների և պարապմունքների ընթացքում զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի գնահատել ռազմական անվտանգության համակարգի զորահավաքային հնարավորությունները, վեր հանել զորահավաքային նախապատրաստության խնդրահարույց հարցեր, ինչպես նաև մշակել մեխանիզմներ՝ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մարդիկ, ովքեր օրենքով սահմանված պարտականություն ունեն, կներգարվվեն զորավարժություններին:
«Մեր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել այդ գործընթացին: Սա մեր Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակ ունի: Սա պլանային աննախադեպ միջոցառում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։