Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է․
«Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում կայացնենք հետևյալի մասին. արդյոք այդ քաղաքացիների համար իրականացնում ենք բնակարանաշինական ծրագիր, թե՞ այդ քաղաքացիների համար բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) ենք թողարկում»։
Վարչապետը նշեց, որ այս հարցը ծագել է , քանի որ պարզվել էր , որ դե յուրե արձանագրված պարտավորությունների կրողների մեծամասնությունը բնակվում է գյուղական համայնքներում, և բնակարանի գնման վկայագիր, թե՞ շինարարություն հարցին պատասխան գտնելու համար իրենց անհրաժեշտ էր քարտեզագրել այդ քաղաքացիներին, պարզել, թե տվյալ համայնքում ինչ իրավիճակ է բնակարանային ֆոնդի և շուկայի առկայության իմաստով և այդ տրամաբանության մեջ էլ կայացնել որոշում։
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ խնդիրը պետք է լուծեր Քաղաքաշինության կոմիտեն, որն այսօր կառավարությանը պետք է տար տեղեկատվություն դրա վերաբերյալ և այդ խնդրի շուրջ որոշումներ կայացնելուց հետո պետք է անցնեին արդեն հաջորդ փուլին, արձանագրեին, հատկապես Գյումրիի, Վանաձորի և մնացած դեպքերում էլ հարցերին մոտենայինք քաղաքաշինական տրամաբանության տեսակետից։
Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչները զեկուցեցին այս տարվա հունիս և հուլիս ամիսներին վարչապետի մոտ աղետի գոտու հիմնախնդիրների վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:
Պատասխանատու ներկայացուցիչները նշել են, որ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետարանների հետ քննարկվել և վերլուծվել է 453 ընտանիք շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը, շահառուները տարանջատված են ըստ բնակավայրերի. 453 ընտանիք շահառուից Լոռու մարզի գյուղական համայնքների 281 ընտանիքը տեղաբաշխված է 27 բնակավայրում, Շիրակի մարզի 148 ընտանիքը՝ 9 բնակավայրում և Արագածոտնի մարզի 24 ընտանիքը՝ 11 բնակավայրում:
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրին, որ աջակցության տրամադրման ձևերը տարբեր էին․ շահառուները հակված էին այն մոտեցմանը, որ ԲԳՎ-ի համար նախատեսված գումարները տրամադրվի իրենց և իրենք որոշեն՝ ձեռք բերել բնակարան, կառուցել նոր տուն գյուղական բնակավայրում կամ ավարտին հասցնել երկրաշարժին հաջորդած տարիներին կառուցած կիսակառույցները:
Քննարկման ավարտին կառավարության ղեկավարը հանձնարարել է, որ պատասխանատունների կողմից հստակ առաջարկություններ ներկայացվի հետագա անելիքների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև, ստեղծված աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի միջանկյալ հաշվետվությունը։ Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է ՝ իրենց կողմից իրականացված ուսումնասիրունների տվյալնները, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը եկել է այն եզրակացությանը, որ աղետի գոտիներում՝ Սպիտակում, Գյումրիում առկա խնդիրների լուծմանը պետք է մոտենալ փուլ առ փուլ։
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել այս հարցի շուրջ քննարկումները: