Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Կազիմիրովին ծննդյան օրվա կապակցությամբ և նշել, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում որպես Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ լրջագույն ավանդ է ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:
«Անգնահատելի են Ձեր ջանքերը կողմերի միջև զինադադարի համաձայնության ձեռքբերման, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և բանակցությունների լիարժեք ձևաչափի ձևավորման ուղղությամբ:
Ավարտելով Ձեր կարևոր միջնորդական գործունեությունը՝ Դուք չեք հեռացել մեր տարածաշրջանից՝ մշտապես Ձեր փորձը ծառայեցնելով երկարատև խաղաղության հաստատման նպատակին: Ձեր գնահատականներն ու մեկնաբանությունները աչքի են ընկել անաչառությամբ և հակամարտության պատճառներին ու հետևանքներին խորապես ծանոթ լինելու փաստով: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ձեր միջնորդական գործունեությունը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում կայունության ապահովման գործում:
Հարգելի՛ Վլադիմիր Նիկոլայի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում։
Նշենք, որ Վլադիրիր Կազիմիրովն 1992 թ․նշանակվել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թ․՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։ Կազիմիրովը 1992 թ․, 1994-1996 թթ․ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ համանախագահ։
Կազիմիրովն Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ բազմաթիվ հոդվածների ու զեկույցների հեղինակ է։
Վլադիմիր Կազիմիրովն 2015 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։