Իրանի նախագահ Հասսան Ռոհանին վերահաստատել է իր դիրքորոշումը, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է բանակցություններ սկսել Թեհրանի հետ, ապա նախևառաջ նա պետք է չեղարկի Իրանի նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցները:
Ռոհանին այս հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի ուշ երեկոյան արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նա ևս մեկ անգամ պնդել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են:
Հանդիպման ընթացքում Ռոհանին նաև ասել է, որ Թրամփի վարչակազմը «սխալվում է»` կարծելով, թե իր կողմից գործադրված «առավելագույն ճնշումը» կարող է հանգեցնել երկրում վարչակարգի փոփոխության:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ անցած տարի ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկավ 2015 թ․ Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրից, և նոր՝ ավելի կոշտ, պատժամիջոցներ սահմանեց Իրանի նավթային և բանկային համակարգերի վրա:
Անցած շաբաթ, ԱՄՆ վարչակազմը նաև հայտարարեց ֆինանսական պատժամիջոցների կիրառում Զարիֆի նկատմամբ, այն բանից հետո, երբ Թրամփը անցած ամիս նմանատիպ միջոցներ էր կիրառել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի դեմ: Պատժամիջոցները ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա գործադրվող ճնշումների մի մասն են կազմում:
New Yorker ամսագիրը հայտնում է, որ նախքան Զարիֆի դեմ պատժամիջոցներ կիրառելը, Թրամփը առաջարկել էր հանդիպել վերջինիս հետ Սպիտակ տանը, առաջարկ, որը Թեհրանը կտրուկ մերժել է՝ որակելով այն որպես սոսկ անիմաստ ֆոտոռեպորտաժ: