Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարծում է, որ քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պարզապես ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները:
Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հնչած այն մտքին, թե ընկերության և քաղաքապետարանի միջև ընթացող բանակցությունները դադարել են՝ նշել է, որ դրանք ընթացել են մինչ այն պահը, երբ ընկերության ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլը գտնվել է Երևանում:
Հայկ Մարությանի խոսքով Երևանի աղբահանության խնդիրը մնացել է դեռևս նախորդ իշխանությունից, այն ժամանակ ևս «Սանիթեք»-ն իր տրամադրության տակ եղած շարժակազմով չի կարողացել լուծել մայրաքաղաքի աղբահանության հարցը:
Ըստ Հայկ Մարությանի՝ «Սանիթեք»-ը ուղղակի չի կարող կատարել իր աշխատանքը այն շարժակազմով, որն ունեն այս պահին:
«Ըստ պայմանագրի՝ մայրաքաղաքում պետք է լինի մետաղյա 16 հազար աղբաման, այս պահին ունենք ընդամենը 90 մետաղյա աղբաման»,- ասել է Երևանի քաղաքապետը:
Հայկ Մարությանը անհասկանալի է համարել նաև «Սանիթեք»-ի ղեկավարության հայտարարությունը, թե իրենք պատրաստվում են դիմել արբիտրաժային դատարան և նշեց, որ պատրաստվում են մաքրել Երևանը՝ «Սանիթեք»-ի հետ, թե առանց «Սանիթեք»-ի: