1․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողով չի ներկայանալու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նա այսօր սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալ է, և երբ ստացել է հանձնաժողովի գրությունը` ԱԺ հրավիրելու մասով, գրավոր փոխանցել է, որ մերժելու է: Հանձնաժողովը որևէ լիազորություն չունի նրան պարտադրելու:
Թերթի տեղեկություններվ՝ գրավոր հրավերի մեջ ԱԺ հանձնաժողովը մի ձևակերպում է արել, թե խնդրում ենք «հաշվի առնել հարցի բարոյական և քաղաքական կողմերը», որը մեջբերելով էլ հենց Խաչատուրովը մերժել է ներկայանալ: Նախ նա հիշեցրել է, որ զինվորականը, պաշտոնաթող գեներալը պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսևորել, հետևաբար չի կարող հաշվի առել հրավերի քաղաքական կողմը, իսկ ինչ վերաբերում է բարոյականի կողմին, ապա, նախ, կասկածի տակ է դրել ուղարկողների բարոյականությունը, ապա նշել, որ չի գալու. ինչ ունի ասելու, ժամանակին ռազմական գործողությունների վերլուծությունների տեսքով ասել է:
2․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կսահմանվի վարորդական վկայական ստանալու համար քննություններ անցնելու և վարորդական վկայական տալու նոր կարգ։ Բացի այդ, կսահմանվի նաև վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը։
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՀՀ ճանապարհային ոստիկանություն դիմած առաջին խմբի վարորդի թեկնածուն կամ վարորդը պետք է ծանոթանա տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկին, լրացնի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիրը։
Բժշկական հակացուցման առկայության վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դեպքում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը մերժվում է:
Բացի այս, գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող և տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով, որոնց շուկայական արժեքը կազմում է 300 հազար դրամ յուրաքանչյուր քննական տրանսպորտային միջոցի համար։ Մեկ քննական ստորաբաժանմանն անհրաժեշտ է 22 տրանսպորտային միջոց։
Կարճ ասած, անհրաժեշտ է թվով 88 հատ տրանսպորտային միջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է 859 մլն դրամ։ Սակայն ուշագրավ է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների կարիք ունի և այդ գումարի հարցով դիմել է գործադիրին։
3․ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ինտենսիվ բանակցություններ են տանում սփյուռքի տարբեր գործարար շրջանակների հետ։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրն այն է, որ սփյուռքի բիզնես շրջանակները չփոխեն իրենց բիզնես մտադրությունները, այլ հակառակը՝ Հայաստանը դիտակեն որպես համաշխարհային ճգնաժամի պայմաններում առավել գրավիչ այլընտրանք:
Մասնավորաբար, հայաստանյան իշխանությունների նպատակն է ամեն գնով ապահովել գործարար այդ շրջանակների օրգանական ներգրավվածությունը հայաստանյան քննարկումներին: Խնդիրն այն է, որ այդ քննարկումները պետք է ներառեն ոչ միայն զուտ հակաճգնաժամային հարցեր, այլև Հայաստանի տնտեսության վերակառուցման խնդիրներ։
4․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին: Թերթի տեղեկություններով՝ այսօր նախատեսված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդիպում կունենա խորհրդի անդամի թեկնածուի հետ։
5․ «Փաստ» թերթը գրում է, որ երեկ կառավարության նիստում որոշում կայացվեց ՀՀ գյուղաբնակներին հատուկ առաջարկ ներկայացնել, որպեսզի նրանք կազմեն գյուղական կոոպերատիվներ և դիմեն կառավարությանը՝ պետական միջոցներով վարկեր ստանալու համար։ Իր այս քայլով կառավարությունը ցանկանում է մեղմել ՀՀ-ում ներկայումս ստեղծված իրավիճակը:
Նախաձեռնությունը բավականին լավն է և գովեստի արժանի, սակայն այս պատմության մեջ առավել ուշագրավն այն է, որ կառավարությունը ռազմավարական ոլորտ է հռչակում գյուղատնտեսությունը՝ նույն այն ոլորտը, որը չնայած Հայաստանի նման պետության համար այնչափ կենսական նշանակություն ունի, սակայն առանձին նախարարություն պահելու կարիք չզգացվեց:
Իսկ ինչ վերաբերում է կոոպերատիվներ կազմելուն, ապա այս գաղափարը նոր չէ, այն նախկին «կոռումպացված ռեժիմի» վարչապետ Կարեն Կարապետյանի նոու-հաուն էր։ Հենց Կարեն Կարապետյանն էր, որ ցանկանում էր և արդեն նախաձեռնել էր, իր խոսքերով ասած, «գյուղատնտեսական սպեցնազ» ստեղծել»։
6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել: Բանն այն է, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել էր վերացնել տալ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդու՝ Դավիթ Մովսիսյանի գործողությունների մասով կարճված գործը և նոր քննություն սկսել:
Խոսքը ժամկետային զինծառայողի մորաքրոջ կողմից Ռազմական ոստիկանություն ահազանգի մասին է, որին ընթացք չէր տրվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև գործի քննությունը սկսելը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ժամկետային զինծառայողի մորաքրոջը անձամբ հրավիրել է իր մոտ: Սակայն հանդիպումից մի քանի օր անց, տիկինը հրաժարվել է խոսել, սակայն իրավապահները հեռախոսային խոսակցությունների արդյունքում որոշ բաներ, այնուամենայնիվ, կարողացել են բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատախազությունից հայտնել են, որ գլխավոր դատախազը որևէ նման հանդիպում չի ունեցել:
7. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն առաջիկայում հարցաքննության է հրավիրելու Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին։ Թերթի տեղեկություններով՝ պատճառը դեռևս 2019 թվականին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանի ձերբակալությունն է եղել՝ կաշառքի գործով։ Բանն այն է, որ որոշում է կայացվել այս քրեական գործը ԱԱԾ-ից տեղափոխել Հատուկ քննչական ծառայություն, իսկ վերջինս էլ դիմել է ԲԴԽ-ին՝ հարցաքննության հրավիրելու համար։