ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագծի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
Խմբակցությունների անունից ելույթի ժամանակ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց նման լուծումներ չբերել ԱԺ՝ նշելով, որ արտակարգ դրության ժամանակ անձանց հեռախոսազանգերի հավաքագրման, նույնականացնելու համար մեծ գումարներ են ծախսվելու։
«Մեր երկիրն այս պահին գտնվում է սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ: Ես առաջարկում եմ օգնել վարձով բնակվող մարդկանց: Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն մարդիկ: Իսկ մենք եկել, աում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք:
Եկեք մտածենք աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու մասին: Մեր խմբակցությունը, բնականաբար, դեմ է այս նախագծին: Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ, երբ դա ունի զրո ազդեցություն համավարակի տարածման կանխման գործում, հետևաբար մենք դեմ ենք քվեարկելու», – ասաց Մարուքյանը: