1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի աշխատակազմը վրդովված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշումից, ըստ որի ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները և ԱԺ շուրջ 700 աշխատակիցների ու պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը հետ է ուղարկվել պետական բյուջե՝ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակին:
ԱԺ թերթի աղբյուրը չի բացառել, որ կադրերի արտահոսք կլինի, քանզի նրանց պետական ապարատում ներգրավելու նպատակով, բյուջեով ամրագրվել է 30 տոկոսանոց ամենամսյա պարգևատրումները:
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը որոշել է դուրս գալ պայքարից: Սակայն հետաքրքիր է, որ նա իր հայտարարությունից մեկ օր առաջ եղել է Երևանում. թե ում հետ է հանդիպել նախագահի թեկնածուն, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ինչ-ինչ ճշտումներ կատարելուց հետո նոր դիրքորոշում է հայտնել:
Սակայն քվեաթերթիկում, միևնույնն է, երկու անուն է լինելու՝ Մասիս Մայիլյան, Արայիկ Հարությունյան: Բանն այն է, որ, Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ քան 10 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն դիմում է ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԿԸՀ-ից տեղեկացել է, որ նրա կողմից որևէ դիմում ներկայացված չէ:
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իրավիճակը լիցքաթափվել է: 2 օր առաջ հիվանդանոցը կորոնավիրուսով հիվանդներին տրամադրելու պարետի որոշումից հետո դժգոհություններ են ծագել բուժանձնակազմում:
Պատճառն այն է, ըստ տնօրեն Հովակիմյանի, որ որոշ բժիշկներ չեն համաձայնում արտակարգ ռեժիմում աշխատել՝ ինքնամեկուսացում, տուն չգնալ, գիշերել հյուրանոցում և այլն։ Կրքերը կարծես հանդարտվել են. որոշ բուժաշխատողներ, որոնք համաձայն չեն եղել վտանգավոր պայմաններում աշխատել և արձակուրդի դիմում էին գրել, եկել, հետ են վերցրել դիմումները․ մոտ 40-45 հոգի։
Արձակուրդ գնացել է 30-35 հոգի, որոնք տանն իրենց խնամքին ծնողներ կամ զավակներ ունեն և չեն կարող օրեր շարունակ բացակայել: ԲԿ-ն արձակուրդ է ուղարկել նաեւ 60+ աշխատակիցներին և քրոնիկ հիվանդություն ունեցողներին։ ԲԿ-ում երեկվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդ 46 մարդ կար:
4․ «Փաստ» թերթը գրում է, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակեր և ներկայացներ սահմանադրական փոփոխությունների փաթեթը։
Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ հանձնաժողովի աշխատանքները որոշակի դանդաղել են, Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է այս փաստի մասին, որը նախ դժգոհել է, ապա հորդորել, որ սեպտեմբերի փոխարեն հանձնաժողովը փոփոխությունների փաթեթը պատրաստի գոնե մինչև տարեվերջ, որպեսզի արդեն 2021-ի ընթացքում համապատասխան քննարկումների ու ֆոկուս-խմբերի ձևաչափով թեման «առաջ տանեն»։
5․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ կորոնավիրուսը ստիպել է ՀՀ կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել կառավարման ձևի մեջ: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է մի փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա կառավարության և նախարարական կոմիտեների նիստերն անցկացնել հեռավար՝ առցանց հարթակի միջոցով։
Ներկայումս կառավարության նիստերը, կոմիտեների նիստերը և նախանիստը իրականացվում են կառավարության վարչական շենքում:
6․ «Իրատես» թերթը գրում է. , որ ի տարբերություն պատգամավորների, որ միաբերան որոշել են՝ նախորդ ամսվա պարգևատրումներից հրաժարվել ու դրանք ուղղել ֆինանսների նախարարությունում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին, գործադիրի ներկայացուցիչները նման զոհողության չեն գնա:
Խոսքն իհարկե ոչ բոլոր նախարարություններին կամ գերատեսչություններին է վերաբերում, բայց արդարադատության կամ ֆինանսների նախարարությունները, օրինակ, հաստատել են՝ աշխատակիցներին չեն նեղացնելու:
7․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2020 թվականի ապրիլի 3-ին իրավապահները բացահայտում են իրականացրել «Վանաձոր» ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասով: Մասնավորապես, թերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանության փորձի և ապօրինի զենք պահելու համար 9 տարվա ազտազրկման դատապարտված «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Դավիթ Հակոբյանը, խուլիգանության համար կալանավորված Զորայր Շահվերդյանը, ավազակության համար մեղադրվող Մարտուն Ալևորյանը և սպանության փորձի և ապօրինի զենք պահելու մեջ մաղադրվող «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Սամվել Դավթյանը բանտում ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:
Ապրիլի 3-ին ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության կապիտան Գառնիկ Թաթոյանը, որը համակարգում է 2005 թվականից, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ապրիլի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, կարգադրել է «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հովսեփ Դեմիրճյանին բացել բանտի թիվ 23 խցի դուռը և կալանավորված անձ Զորայր Շահվերդյանին ուղեկցել թիվ 21 խուց, որտեղ գտնվել է դատապարտյալ Դավիթ Հակոբյանը:
Այնուհետեւ բանտի պաշտոնատար անձ Գառնիկ Թաթոյանի կարգադրությամբ՝ «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ՝ Վարդան Հովսեփյանը բացել է բուժմասի թիվ 2 խցի դուռը և կալանավորված անձ Մարտուն Ալևորյանին ևս ուղարկել է թիվ 21 խուց, որտեղ էլ դատապարտյալ Դավիթ Հակոբյանի, Զորայր Շահվերդյանի, Մատուն Ալևորյանի և թիվ 21 խցում տեղաբաշխված դատապարտյալ Սամվել Դավթյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս տվել են անհասցե հայհոյանքներ ու բղավել են միմյանց վրա:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու մասով հարուցվել է քրեական գործ։