Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
«Չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այդուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել ևս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել` ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ԱԺ համապատասխան հանձնաժողովին նաև խնդրել է պարզաբանել` արդյո՞ք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվում է, թե՞ ոչ և տեղեկացրել է, որ նախագահ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:
«Թեև տարակուսելի է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում չկայացնելու դեպքում ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ս.թ. ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին այցելել հանձնաժողով»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։