1․ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում պատրաստվում են ձևավորել տնտեսագետներից ու սոցիոլոգներից կազմված մի հանձնախումբ, որը կուսումնասիրի, կհաշվարկի ու հստակ գնահատականներ կներկայացնի, թե ինչ վնասներ է հասցրել ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսությանը։ Ի դեպ, երեկ թերթին տեղեկություններ են հասել, որ այս օրերին կառավարություն են հրավիրել մի քանի ոլորտների մասնագետների, նույնիսկ նրանց, որոնք աչքի են ընկնում իշխանությունների հանդեպ սուր քննադատություններով, և որոնց կարծիքը անցած երկու տարիներին իշխանությունները հետևողականորեն շրջանցել են։
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ:
Վարչապետի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Սերգեյ Ավետիսյանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ, ով նշել է, որ «Տարոն Ավիա» ընկերությունը գրասենյակ է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, նաև օդային բեռնափոխադրումներ է իրականացրել Աֆրիկայում ԱՆ-12 և ԻԼ-76 ինքնաթիռներով:
Արդյոք վարչապետը, խոսելով զենքի վաճառքի մասին, նկատի է ունեցել «Տարոն Ավիա» ընկերությա՞նը. Կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել է, որ հաստատ իրենց նկատի չի ունեցել, կան նաև այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Աֆրիկայում:
3․ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող գործընթացներից։ Թերթի տեղեկություններով՝ ՔԱԿ-ն իրականում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չի անցել։
Նշվում է, որ EASA-ի մասնագետները կոմիտեում փետրվարին աուդիտ են իրականացրել, ինչի արդյունքում մի շարք թերություններ են հայտնաբերել, որոնք գերազանցում են 50 էջը։
Եվ քանի որ կոմիտեն աուդիտ չի անցել, մեր հայկական ավիաընկերությունները, որոնք առանձին աուդիտ էին անցել` Եվրոպա ուղևորափոխադրում իրականացնելու համար, այդ ուղևորափոխադրումները չեն իրականացնելու։
Եվս մեկ կարևոր հանգամանք. պարզվում է՝ EASA-ի հսկողության տակ հայկական ավիացիայի հայտնվելու միակ պատճառը «Տարոն Ավիան»-է, երբ ավիաընկերությունն անցյալ տարի չվերթ իրականացրեց դեպի Բուլղարիա։
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանի հետ։ «Արձանագրել են որոշակի թերություններ, որոնց մի մասի հետ մենք համաձայն չենք: Ընթացակարգն այդպիսին է, իրենք գրում են մեզ, որ սրանք ձեր թերություններն են։ Հիմա մենք այդ մի մասի հետ համաձայն չենք, մենք կարձանագրենք ու կուղարկենք իրենց: Իհարկե ՔԱԿ-ը սև ցուցակում չէ», – հավաստիացրեց վարչության պետ Գյուրջյանը»։
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից պատգամավորները հասկացել են, որ, ի տարբերություն իրենց, նախարարները ստանալու են իրենց ամսական պարգևավճարները՝ մեկ աշխատավարձի չափով, , քանի որ Փաշինյանը միայն 1 ամսվա մասին խոսեց՝ ասելով, որ մարտի պարգևավճարներն իր որոշմամբ կփոխանցվեն կորոնավիրուսի ֆոնդին: Մինչդեռ օրերս ԱԺ նախագահը որոշեց, որ երկրորդ եռամսյակի պարգևատրումների ֆոնդն ուղղվելու է նշված ֆոնդին։
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ կորոնավիրուսին դիմակայելու համար քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենքների ընդունումից հետո կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից, ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորներից մինչև արտախորհրդարանական գործիչներ սկսել են օգտվել «Սիգնալ» եև «Տելեգրամ» կապի միջոցներից:
Սա նշանակում է, որ ոչ միայն ընդդիմադիրներն են մտահոգված նման վերահսկողությունից, այլևիրենք՝ իշխանականները։ Այսինքն, միայն քաղաքական հակառակորդներին չեն հետևում, այլև սեփական թիմակիցներին:
6․ «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ 7 դատավորներին պաշտոնանկ անելու խնդիրը շարունակում է մնալ իշխանությունների քաղաքական օրակարգում։
Թերթի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է հարցի կարգավորման ամենանախնական տարբերակը, այն է՝ հարցը խորհրդարանում քվեարկության միջոցով լուծելը, որովհետև պարզ չէ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի։
7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախում ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել երեք դերակատարների՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի հետ ու որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, հրահանգներ իջեցրել։ Իսկ նրա այն հայտարարությունը, որ Արցախի պառլամենտում երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրել են կոշտ ընդդիմադիր ուժերը, Արցախում ընկալել են որպես ապագա իշխանության բանաձև։ Այսինքն՝ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը պետք է ընդդիմության դաշտը զբաղեցնեն, իսկ իշխանական կոալիցիան կարող է լինել «Ազատ հայրենիք-Դաշնակցություն-ԱԺԿ» կոնֆիգուրացիայով, որը 21 մանդատ է ընդգրկում։ Ըստ այդմ՝ Սամվել Բաբայանին այս փուլում որևէ պաշտոն չի առաջարկվի։ Մասիս Մայիլյանի ապագան էլ կախված է սորոսականների պահանջներից ու ճնշումներից: