Քանի որ հանրակրթության պետական չափորոշիչների շուրջ շատ լայն քննարկումներ կան, ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ այն նախագիծը, որը դրված է շրջանառության, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ընթացքում կբարելավվի, կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով, և մենք մեր այդ ռազմավարական պատկերացումը պետք է արձանագրենք: Հաջորդ փուլում, արդեն պայմանավորվեցինք, որ ինձ մոտ քննարկումներ կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ: Կարծում եմ՝ արդեն իսկ պատրաստ ենք մեր ռազմավարական պատկերացումներն ամբողջությամբ, բաց, լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների և յուրաքանչյուր անհատի շահերից։ Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է, և որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելուց, և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն և առանցքային նշանակություն»,- ընդգծեց վարչապետը: