Ոստիկանության ՊՊԾ գունդը 2016-ի հուլիսին գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով շուրջ 3 տարի տևած դատավարությունն արդեն մոտենում է ավարտին։ Այսօր մեղադրական կողմը հանդես եկավ ելույթով։
Գլխավոր դատախազությունը միջնորդեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, ոստիկանների սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին զմահ ազատազրկման, իսկ զինված խմբի մյուս 5 անդամներին էլ՝ 8-ից 9 տարվա ազատազրկման։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, թե գրեթե բոլոր ամբաստանյալների դեպքում նրանց մեղսագրվող արարքների պատժաչափերը գումարելով՝ ազատազարկման շեմը գերազանցելու էր քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն 25 տարվա շեմը, պարզաբանեց՝ նվազագույն պատժաչափ սահմանվեց` հաշվի առնելով 2018-ին ընդունված Համաներման օրենքը։
Ոստիկանների սպանության համար չմեղադրվող զինված խմբի մյուս 8 անդամների վրա Համաներման օրենքն ավելի վաղ չէր տարածվել, քանի որ տուժողներն առարկել էին։
Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը ներկայացրեց դեպքի հանգամանքները։ Ըստ նրա՝ հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանն ու մյուսները զինված խումբ են ստեղծել՝ ՊՊԾ գունդը գրավելու ու պատանդներ վերցնելու համար, նախապես ուսումնասիրել են տարածքն ու բեռնատարով մուտք գործել ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածք։
Բացի այդ, ըստ մեղադրական ճառի` 2016-ի հուլիսի 17-ին խմբի անդամները պատանդ են վերցրել գնդի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին և ավելի ուշ էլ շտապօգնության աշխատակիցներին, հետագայում վնասել են գույքը։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերը», 2016-ի հուլիսի 17-ին գրավելով ՊՊԾ գունդը, պահանջել էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, նրանք ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեցին 15 օր, հետո զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։
Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի 8 անդամների խափանման միջոցը ստորագրությամբ չհեռնալու մասին փոխվել էր հեղափոխությունից հետո։ Զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը մահացել է 2018-ին։