Սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը կառավարության շենքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ անժամկետ հացադուլ է հայտարարել։
Նա իր կողքը տեղադրել է ցուցանակ՝ ներկայացնելով իր պայքարի պահանջները.
«Այս իշխանությունը ոտնահարում է մեր ազգային արժեքները
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
Ոչ Ստամբուլյան Կոնվենցիային
Ոչ Լանզարոտեի կոնվենցիային
Ոչ թուրքահաճո կրթական չափորոշիչներին
Ոչ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարին
Ոչ մեր պատմությանը կեղծմանը
Ոչ Ամուլսարի շահագործմանը
Ոչ անօրինական բռնություններին
Ոչ…»։
Հակոբկոխյանը հույս ունի հնարավորինս շատ մարդկանց միավորել, որպեսզի «գործող իշխանությունները, միասնություն տեսնելով, փախչեն»։
«Իմ հացադուլի նպատակը մեր ազգի մասին մտահոգված բոլոր մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն։ Իմ նպատակն է քաղաքացիներին համախմբելը, իրար հանդեպ բարեհամբույր լինելը, ոչ թե բաժանումը՝ սևի, սպիտակի։ Նախկինում էլ կային խնդիրներ, փորձում էին լուծել, մի մասը ստացվում էր, մի մասը՝ ոչ, բայց ազգս երբեք այսպես չէր թշնամացել իրար հանդեպ։ Դրա մեղավորն այսօրվա իշխանություններն են, որ բաժանեցին սևի ու սպիտակի»,- ԶԼՄ-ներին հայտնել է նա։