Արցախում հանդիսավոր պայմաններում կայացավ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին եւ ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողությունը:
Ելույթով հանդես եկավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դեռևս ապրիլի 14-ին՝ ԱՀ նախագահական ընտրությունների օրը, այցելել է ԼՂ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին և խոստացել ընտրվելու դեպքում անել առավելագույնը՝ վերջինիս կիսատ թողած գործը շարունակելու և վեհ գաղափարները կյանքի կոչելու համար:
«Դա երդում էր՝ ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների հիշատակի առջև: Մեր ժողովրդի համար ճակատագրական ու վճռորոշ պահին նրանք ստանձնեցին հսկայական պատասխանատվություն՝ կանգնելով պետության կառուցման և պաշտպանության առաջնագծում՝ քաջ գիտակցելով, որ զոհասեղանին դրված է ամենաթանկը՝ սեփական կյանքը»,-ասաց նա:
Արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ ուղեկցությամբ, ՀՀ և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: