Վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անհասցե ֆեյսբուքյան գրառումներ են կատարել՝ հանրությանը հայտնի դարձած գործերի հիմքով։
Առաջին գրառումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր․
«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.
Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:
Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է վարչապետը:
Մեկ ժամ անց Գագիկ Ծառուկյանն է արձագանքել՝ գրելով․
«Կարծում եմ՝ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Քաղաքական գործիչների գրառումները հավանաբար կապված են ավելի վաղ հայտնի դարձած դատավճռի եզրակացության հետ։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի կողմից կառավարության հրաժարականը պահանջելուց հետո համացանցում հայտնվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դռնփակ անցկացված դատական նիստի եզրափակիչ որոշումները, որոնք օրենքով ենթակա չեն հրապարակման։
Դատավճիռը հրապարակվել էր 1979 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ դատավոր Ա. Սարգսյանի նախագահությամբ:
Դատավճռով՝ Գագիկ Ծառուկյանը մեղավոր էր ճանաչվել հանցագործության կատարման համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման. նա պատիժը կրել է ուղղիչ աշխատանքային գաղութում: 2001 թվականին Վճռաբեկ դատարանը որոշումը բեկանել է և Գագիկ Ծառուկյանն արդարացվել է:
Ծառուկյանի պաշտպանական թիմը դիմել է գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե ինչպես է 40 տարվա վաղեմության դատական վճիռը, որը կայացվել է փակ նիստում, հասանելի դարձել հանրությանը: