Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
«Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ուզում եմ ձեզ տեղեկացնել իրադրության ու որոշակի որոշումների վերաբերյալ: Նախ Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում։
Ըստ վարչապետի՝ հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում և գրոհ է տեղի ունեցել: «Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է:
Երեկ արդեն մարտական գործողությունների մեկնարկից որոշ ժամանակ անց ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց որոշակի հատված՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: Այսօր առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված և այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա»,-նշել է վարչապետը:
Ըստ վարչապետ Փաշինյանի՝ այդ հատվածում հայկական կողմի համար մեծ խնդիր կա իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով: «Այսինքն, այստեղ նրբությունը նրանում է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս և հետևաբար լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական, Պաշտպանության բանակի վերահսկողւթյան ներքո»,-նշել է նա:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: