«Թալիբան» արմատական շարժումը երեքշաբթի հայտարարել է Աֆղանստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանից բոլոր ինքնաթիռների թռիչքների դադարեցման մասին: Այս մասին հայտնում Է TACC-ը՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքին։
Ինչպես հաղորդում Է Քաթարի Al Jazeera հեռուստաալիքը, Թալիբանի ջոկատները մոտեցել են Քաբուլի օդանավակայանին: Այնտեղ և օդանավակայանի հարակից տարածքում հավաքված մարդկանց ցրելու համար թալիբները մի քանի անգամ օդ են կրակել։ Al Arabiya-ի տվյալներով՝ կրակել են ավտոմատ զենքից։
Ավելի վաղ չեղյալ էին հայտարարվել Քաբուլի օդանավակայանից բոլոր կոմերցիոն չվերթները, իսկ տարանցիկ ինքնաթիռներին խորհուրդ էր տրվել փոխել երթուղին՝ շրջանցելով Աֆղանստանի օդային տարածքը: Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել էր, որ Քաբուլի օդանավակայանում իրավիճակը հանդարտվում է։
«Թալիբան» շարժման գրոհայիններն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողության տակ վերցրել Աֆղանստանի մայրաքաղաքը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ վայր է դրել լիազորությունները արյունահեղություն թույլ չտալու համար։ Նա լքել է երկիրը: