Ամանորյա կարճ տոները կինոդիտում կազմակերպելու համար հիանալի առիթ են: Մենք որոշեցինք ներկայացնել ֆիլմեր, որոնց պատմությունները ստիպել են հավատալ հրաշքներին։
Բիլլի Ուայլդերի «Բնակարանը» մոնոխրոն ֆիլմ է։ The Independent հրատարակության վարկածով՝ այն բոլոր ժամանակների և ժողովուրդների սուրբծննդյան լավագույն ֆիլմն է: Ֆիլմն «Օսկար»-ի մրցանակակիր է։ Ֆիլմը, ինչպես բոլոր սուրբծննդյան ֆիլմերը, սիրո մասին է, այն փոքր բացառությամբ, որ գլխավոր հերոսը արկածային ֆիլմերի հերոս չէ։ Նա խելացի և բարեկիրթ գրասենյակային աշխատող է, որը գաղտնի սիրահարված է ընկերության աշխատակցուհուն։ Բոլոր գործընկերներն օգտվում են նրա բարությունից, ավելի կոնկրետ՝ վերցնում են նրա բնակարանի բանալիները գաղտնի տեսակցությունների համար։ Մի օր էլ դրանք խնդրում է իր տնօրենը ու դրա դիմաց նրան խոստանում է կարիերայի առաջխաղացում։ Ամեն ինչ սովորական կլիներ, եթե նրա տնօրենը մտադիր չլիներ հանդիպել բնակարանում հենց այն աղջկա հետ, որին նա վաղուց սիրահարված է։ Ֆիլմը հավերժական արժեքների, ընտրության, տղամարդկային ազնվության ու նրբանկատության մասին է։
«Այս հրաշալի կյանքը» (1946, ռեժիսոր Ֆրենկ Կապրի) ֆիլմը ամերիկյան սուրբծննդյան դասական ֆիլմերի ցանկում է։ Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, որին մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը։ Ջորջը տարեմուտին ունենում է բազմաթիվ խնդիրներ՝ հայտնվելով անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառը իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական երկիր է առաքվում մի հրեշտակ, ով օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից։
«Բևեռային ճեպընթացն» ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի մանկական մուլտֆիլմն է՝ նկարահանված Քրիս վան Օլսբուրգի համանուն գրքի հիման վրա։ Համանուն մանկական գրքի էկրանավորումը փոքրիկ տղայի անհավանական ճանապարհորդության մասին է։ Նա ճամփորդում է կախարդական «Բևեռային ճեպընթաց» գնացքով դեպի Հյուսիսային բևեռ՝ Սանտա Կլաուսի մոտ, Սուրբ Ծնունդի նախօրյակին։ Տղան, ով չէր հավատում Սանտա Կլաուսի գոյությանը, հանկարծ հնարավորություն է ստանում գնացքով ուղևորվելու անմիջապես նրա մոտ հյուր, և օգտվելով այդ հնարավորությունից՝ նա գտնում է նոր ընկերներ և ստանում օգտակար դասեր։ Նպատակին հասնելու ճանապարհին հերոսներին սպասում են զարմանալի արկածներ։
Ռեժիսոր Ալեքս Զամմի «Սուրբծննդյան արքայազնը» ռոմանտիկ պատմություն է անկեղծ սիրո մասին, որն անսպասելիորեն տեղի է ունենում Էմբեր անունով սկսնակ լրագրողի կյանքում: Թեթև և գեղեցիկ կատակերգություն, մի սյուժեի, որը շատ հեշտ է կանխատեսել։ Ֆիլմում կա լեռնային քաղաք, շքեղ ամրոց, գեղեցիկ ձմեռային բնություն։ Ռոմանտիկ կատակերգությունն ունի շարունակություն, որոնք հայտնի են «Արքայազնը Սուրբ Ծննդին. թագավորական հարսանիք» և «Արքայազնը Սուրբ Ծննդին. թագավորական զավակ» ֆիլմերը։
«Տանը մենակ» ֆիլմը մի տղայի մասին է, որի ծնողները ողջ ֆիլմի ընթացքում թողնում են նրան տանը միայնակ։ Տղայի խելամտությունը օգնում է նրան դուրս գալ այս անելանելի վիճակից։ Տղան փոքր-ինչ վախկոտ էր, սակայն ըմբոստ էր և խելամիտ։ Ֆիլմում երկու չարագործներ կան, որոնք ցանկանում են կոտրել տղայի համառությունը, սակայն նրանց դա չի հաջողվում։