ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ՀՀ-ում որոշ լաբորատորիաներում կարգելվեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։
Ըստ որոշման՝ ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության (այսուհետ՝ կենսանվտանգություն) պատշաճ համակարգ:
Պարետի որոշման մեջ նշվում է նաեւ, որ նշված պահանջները գնահատվում է Առողջապահության նախարարի հրամանով ձևավորված մասնագիտական խմբի կողմից տեղում այցելության միջոցով, ինչի արդյունքում կազմվում է մասնագիտական եզրակացություն:
Սահմանվել է նաեւ, որ ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները, ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաներն ապահովում են իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական մուտքագրումն էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ նմուշառման օրը, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի ճշգրիտ մուտքագրումը համակարգ, որը հանդիսանում է միակ կոնտակտային հեռախոսահամարն արդյունքները տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի ապահովման համար։
Հետազոտությունների բոլոր դրական արդյունքների դեպքում լաբորատորիաների կողմից 12 ժամվա ընթացքում լրացվում և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացվում շտապ հաղորդման քարտ։
Արսեն Թորոսյանին հանձնարարվում է ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացման համար բոլոր լաբորատորիաներին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, կենսաանվտանգության չափորոշիչների ու պահանջների վերաբերյալ հարցաշարի կազմում և նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակումը։