«Մեր հիմնական նպատակն այն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը, և այդ հրաժարականին պետք է հասնենք միասին»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր են հրաժարականներ՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու հետ, քանի որ հիմնականում մեղադրանքներ են հնչում՝ ուղղված քաղաքացուն, իսկ ստեղծված իրավիճակի համար կառավարությունն չո՞ւնի արդյոք իր մեղքի բաժինը։
«Ինչ վերաբերում է մեղադրանքներին, սխալ է, որ մեղադրանք է հնչում քաղաքացիների հասցեին։ Ոչ մի մեղադրանք չի հնչում, այլ հնչում է իրավիճակի գնահատական։ Այսինքն պետք է ախտորոշենք մեր իրավիճակը։ Ախտորոշենք՝ ինչը այնպես չենք արել և ինչը այնպես չենք անում, որ այս ամենը տեղի է ունենում։ Մեղադրանքի խնդիր չկա։ Մեղադրանք հնչում է այն դեպքում, երբ լինում է տուժող և վնաս պատճառող։ Այս իրավիճակի լուծումը մեկն է. հանրային վերահսկողությամբ դառնանք վերահսկողը մեր իսկ վարքագծի»,- նշել է վարչապետը։