Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ այցելել է Չինարի սահմանամերձ գյուղ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Չինարին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի ամենաթեժ կետում է, անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են: Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է: Չինարին անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կիզակետում էր և ենթարկվել էր հրետակոծության հակառակորդի կողմից:
Նախագահ Սարգսյանն այցելել է Չինարիի դպրոց, որի շենքը զգալիորեն տուժել էր հրետակոծության հետևանքով, վնասվել էր նաև գույքը: Նախագահ Սարգսյանի որդիների՝ Հայկ և Վարդան Սարգսյանների նվիրատվությամբ դպրոցին հատկացվել են գույք (սեղաններ, աթոռներ, պահարաններ), ինչպես նաև համակարգչային տեխնիկա: Դպրոցների աշակերտներին համակարգչային տեխնիկայով ապահովելու ծրագիրը, որն իրականացնում են Հայկ և Վարդան Սարգսյանները, նպատակ ունի Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի երեխաներին կապել Սփյուռքի իրենց հասակակիցների հետ, շփումներ ստեղծել Հայաստանի և Սփյուռքի կրթական հաստատությունների ու սաների միջև: Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում Չինարիի դպրոցը և դպրոցականները ևս հնարավորություն կունենան կապեր հաստատել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր դպրոցների և աշակերտների հետ՝ սկսելով յուրօրինակ համագործակցություն:
Կարևորելով երեխաների հանդեպ մշտական ու շարունակական ուշադրությունը՝ հանրապետության նախագահը կրկին պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ, և՛ որպես Սարգսյան ընտանիք։«Ես ինչ-որ իմաստով դարձել եմ այս դպրոցի և գյուղի բարեկամը։ Համարեք, որ սա նաև իմ դպրոցն է, և եթե խնդիրներ կան, ինձ ասեք։ Խոսքը նաև գյուղին է վերաբերում»,-նշել է նախագահը: Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կլուծի դպրոցի ջեռուցման խնդիրը:
Նախագահ Սարգսյանը շրջել է դպրոցում, առանձնակի ջերմությամբ զրուցել իր վաղեմի փոքրիկ բարեկամների՝ չինարեցի երեխաների հետ, որոնց հանդիպել էր անցյալ տարի, նախ՝ կրկին Չինարիում, ապա՝ իր նստավայրում:
Մարզի, գյուղի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ զրույցում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանապահ տավուշցիներին’ մեր զինված ուժերի հետ միասին պետական սահմանն ամուր պահելու համար:
Միևնույն ժամանակ, նախագահն ասել է, որ մարդիկ, որոնք ապրում են այս գեղեցիկ բնաշխարհում, շատ ավելի խորն են ու բնական, քան մեզնից շատերը։ «Այստեղ դրախտ է: Մարդիկ դրախտում են ապրում, իսկ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չեն, որ դրախտը մեր կողքին է»,- ասել է նախագահը՝ հորդորելով գալ ու տեսնել այն։
Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների բարեխիղճ ծառայության, հայրենասիրության ու նվիրումի, բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի համար պարգևատրել է հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ նրանք են մեր այսօրվա հերոսները:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով և համոզված է, որ նրանց շնորհիվ թշնամու ցանկացած ոտնձգության փորձ դատապարտված է ձախողման։ Նախագահը նշել է, որ պատմության իրական և իսկական կերտողները մեր զինծառայողներն են, որոնց բոլորս պարտական ենք խաղաղության և մեր անվտանգության համար։
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Բերդ քաղաք: Սահմանամերձ այս քաղաքում հանրապետության նախագահն այցելել է շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս:
Անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ կրակոցներ էին արձակվել նաև այս գործարանի ուղղությամբ:
Շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը,
կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, վերջին ամիսներին զբաղված է նաև բժշկական դիմակների արտադրությամբ: Նախագահ Սարգսյանը շրջել է արտադրամասում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել արտադրության ընթացքին ու ծավալներին:
Ընկերության ղեկավարները ներկայացրել են ձեռնոցների արտադրության ամբողջական ընթացքը, նշել, որ դրանց հիմնական խմբաքանակը արտահանվում է ԵԱՏՄ երկրներ: Նրանք ներկայացրել են նաև արտադրամասերի և արտադրության ծավալների ընդլայնման ուղղությամբ ծրագրերն ու աշխատանքները, նշել, որ շուտով սահմանամերձ ևս մեկ գյուղում՝ Պառավաքարում, իր գործունեությունը կսկսի «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի նոր արտադրամասը: