Այս պահին ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ կուրվագծվի հետագա գործողությունների ընթացքը: Այս մասին Armenia Today-ի հարցադրումներին ի պատասխան հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո տասնյակ լիբանանահայեր դիմել են դեսպանատուն և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ Հայաստան տեղափոխվելու համար: Նրանցից 100-ը Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով վերադարձել են հայրենիք»,- նշել են գրասենյակից:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ կապի տարբեր միջոցներով դիմում են նաև այնպիսի լիբանանահայեր, որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, սակայն այս թիվը մեծաքանակ չէ:
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի լիբանանյան այցի գլխավոր նպատակներից մեկը տեղում կարիքների իրական գնահատում անցկացնելն էր: Հավաքագրված տվյալների հիման վրա կկատարվի մանրամասն վերլուծություն, որն էլ հիմք կհանդիսանա լիբանանահայերին կառավարության կողմից հնարավոր աջակցության տարբերակները մշակելու համար: Անկախ այս ամենից՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստակամ է հնարավորությունների սահմաններում աջակցել մեզ դիմած լիբանանահայերին»,- նշել են գրասենյակից։