Դպրոցներում դասերի կազմակերպման վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և նաև երեխաների իրավունքների ապահովման նկատառումով մշտադիտարկում իրականացնելու նպատակով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մի շարք հարցադրումներ են ուղարկվել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն:
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից, աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ մի շարք դիմում-բողոքներ են ստացվել:
ՄԻՊ կողմից նախարարությունից պահանջվել են դպրոցներում դիմակ կրելու հետ կապված իրավական կարգավորումները կամ ընդունված այլ փաստաթղթեր, ինչպես նաև այնպիսիք, որոնք վերաբերում են սահմանված պահանջների բնույթին ու այդ պահանջներից հնարավոր բացառություններին:
Ուղարկված հիմնական հարցադրումներից են՝ արդյո՞ք դպրոցներում դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջը վերաբերելու է նաև ուսուցիչներին, ի՞նչպես է ապահովվելու այն երեխաների կրթության իրավունքը ովքեր դիմակ չեն կրում կամ չեն պահպանում դիմակ կրելու պահանջը, արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ կամ արդյո՞ք դա պարտավոր են լինելու ապահովել ծնողները:
Հարցադրումները ներառում են նաև հարցեր, որոնք վերաբերում են համաճարակային այլ կանոնների պահպանման կազմակերպմանը: