Յուրաքանչյուր քաղաքացի նախ ինքը պիտի դառնա սեփական բարեկեցության պատասխանատուն, իսկ կառավարությունն ու պետությունը պիտի բավարար կրթական, իրավական, մրցակցային պայմաններ ստեղծեն այդ պատասխանատվության օրինական ու արդյունավետ իրացման համար: Այս մասին նշվում է Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության հռչակագրի 30-ամյակին նվիրված ուղերձում։
Ըստ վարչապետի՝ նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով: «Այդ հաղթանակներից ամենակարեւորն Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձեւավորման հիմք ու խթան հանդիսացավ: 2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որն ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, եւ Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը»,-ասվում է ուղերձում։
Վարչապետն ընդգծել է, որ նախորդ 30 տարվա ամենամեծ ձախողումը պետական եւ հանրային ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, ինստիտուտների բացակայությունը, ինչի հետեւանքը դարձել է այն, որ քաղաքացին օտարվել է իր պետությունից, իրավունքներից ու պարտականություններից, պետական կարգն օտար է դարձել քաղաքացուն, որովհետեւ հիմնված է եղել ոչ թե նրա կամքի, այլ կոռուպցիայի եւ ընտրակեղծիքների վրա հիմնված քաղաքական պարտադրանքի վրա:
«2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը հենց այս հակադրությունը լուծելու եկավ»,-նշել է նա։
Երկրի առջև ծառացած առաջնային անելիքն, ըստ վարչապետի, շարունակում է մնալ նույնը. պետական եւ հանրային ինստիտուտների կայացումը: Բանակի բնականոն զարգացումը պետք է շարունակվի, եւ Հայաստանը պիտի խնդիր դնի ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը:
«Աշխատանքը, կրթությունը, հմտությունների, գիտելիքի իմացության շարունակական բարձրացումը պիտի դառնա յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական ապահովության ու բարեկեցության հիմնաքար, յուրաքանչյուր քաղաքացի (բացառությամբ՝ անաշխատունակության հետ կապված դեպքերի) նախ ինքը պիտի դառնա սեփական բարեկեցության պատասխանատուն, իսկ կառավարությունն ու պետությունը պիտի բավարար կրթական, իրավական, մրցակցային պայմաններ ստեղծեն այդ պատասխանատվության օրինական ու արդյունավետ իրացման համար»,-նշել է կառավարության ղեկավարը։
Շնորհավորելով Հայաստանի Անկախության հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ՝ վարչապետն ընդգծել է. «Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, եւ մեր պատմական պարտքն ու առաքելությունն է՝ մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն: Եւ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն, որովհետեւ հայկական պետությունը պիտի գոյություն ունենա հավիտյան, հայ ժողովուրդը պիտի գոյություն ունենա հավիտյան»: