Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նշելով, որ սա իր երկրորդ ընդլայնված հանդիպումն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է այն անցկացնել ավելի գործնական մթնոլորտում՝ քննարկելով Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի կողմից հստակ աջակցության հնարավորությունները։
Զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ անդրադարձել մեր երկրի համար հեռանկարային և մեծ ներուժ ունեցող այս բնագավառի վերականգնմանն ուղղված հնարավոր քայլերին, այդ թվում՝ պետական աջակցության անհրաժեշտությանը։ Նշվել է, որ նախագահի հետ նախորդ հանդիպումից հետո այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են: Կարևորվել է նաև ներկա իրավիճակով պայմանավորված կարգավորումների վերաբերյալ հստակ տեղեկատվության հասանելիությունը:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ կարևորում է տեղեկությունն ինչպես իրավիճակի, այնպես էլ երկրի ու կոնկրետ ոլորտների մասին։ Այդ տեսանկյունից իրավիճակն ավելի հստակ կլիներ, եթե զբոսաշրջային ընկերություններն իրենք արտերկրում ներկայացուցչություններ ունենային և առաջին ձեռքից տեղեկություններ ստանային ու փոխանցեին գործընկերներին։