Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները տեղափոխվելու են Երևանի մանկան տուն:
Երեխաներին չբաժանելու համար որոշվել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցում վերջինս փաստել է, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար:
Մարզպետը հավաստիացրլ է, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով ընտանիք և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները:
Պարոն Չոբանյանի խոսքով ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել:
«Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում:
Այս պահին քննարկվում է նաև ընտանիքի հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք՝ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014 թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն: Երեխան գիտակցության չգալով մահացել է։ 5 երեխաների մայրը և պապը ձերբակալված են՝ «անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով»։