Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծղուկ, ապա՝ Անգեղակոթ համայնքներում. հայտնում են Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ծղուկ համայնքի բնակիչները վարչապետին են ներկայացվել անասնապահության՝ արոտավայրերի, մսի և կաթի մթերման, համայնքում նոր մանկապարտեզի կառուցման վերաբերյալ իրենց առջև ծառացած խնդիրները։ Նիկոլ Փաշինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել նախարար Սուրեն Պապիկյանին և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին՝ խնդիրների լուծման ուղղությամբ հստակ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նշվել է, որ համայնքում մանկապարտեզի կառուցման հետ կապված աշխատանքներ են տարվում: Նախատեսվում է այն իրականացնել գալիք տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ կառավարություն-համայնք համագործակցությամբ:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Անգեղակոթ համայնք, որտեղ կարճատև հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են գյուղի գլխավոր ճանապարհի վերանորոգման հարցը: Մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են ճանապարհի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները, որոնք իրականացվելու են կրկին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
Վարչապետը բնակիչներին տեղեկացրել է, որ այստեղից աշխատանքային այցով ուղևորվելու է Արցախի Հանրապետություն և խոստացել որոշ ժամանակ անց կրկին այցելել Անգեղակոթ: