1.«Հրապարակ» թերթը գրում է, որ քաղաքական ակտիվությանը զուգահեռ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում նաեւ հարսանիքի են պատրաստվում։ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվերը, նշանվել է անցած ամառ։
Արտակարգ դրության ռեժիմը հանելուն պես կնշանակեն հարսանիքի օրը։ Մի քանի շաբաթ է՝ ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրն է կարգի բերվում. «Փարավոնում» բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, սրահի դիզայնն է փոխվում, ամեն ինչ անելու են, որ «թագավորական» հարսանիք ստացվի։ Հարսնացուն՝ Արփին, հայտնի ընտանիքից չէ։
2. «Հրապարակ» թերթը գրում է, որ պետության տնօրինմանը հանձնված «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը շարունակում է օդում կախված մնալ։ Հարկայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը՝ «իրեն հանգիստ թողնելու դիմաց», 2019-ի սեպտեմբերին իրեն պատկանող հյուրանոցը նվիրաբերեց պետությանը, որը իշխանությունը մինչև հիմա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ՝ իրացնել։ Մինչև կորոնավիրուսի տարածումը՝ հյուրանոցը երկու անգամ աճուրդի հանվեց, սակայն գնորդ չգտնվեց։ Հետո սկսվեց համավարակը, և Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը դարձավ քովիդով հիվանդների մեկուսացման վայր։ Այսօր դարձյալ այն դատարկ է և չի էլ շահագործվում։ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ մտադիր են երրորդ անգամ հյուրանոցն աճուրդի դնել։
Բայց դեռ անհայտ է թե՛ աճուրդի օրը, թե՛ նախնական գինը։ Բաբայանն ասաց, որ հյուրանոցով հետաքրքրվողներ կան, սակայն համավարակի պատճառով չեն կարողացել գալ տեսնել հյուրանոցը, որովհետեւ հավանական գնորդները դրսից են, օրինակ՝ չինացի գործարար։ Հայաստանից հետաքրքրվողներ չկան։ Փաստորեն, մեկ տարի է՝ իշխանությունը չի կարողանում պետությանը նվիրաբերված գույքն արդյունավետ տնօրինել, մինչդեռ դրա՝ մասնավորի կողմից շահագործվելու դեպքում պետությանը հսկայական հարկեր էին վճարվում, տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ապահովվում՝ չհաշված մեծ թվով աշխատատեղերը։
3. «Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը յուրացրել է նախագահ Արմեն Սարգսյանի նվազ լիազորություններից ևս մեկը։ Ուրբաթ օրը Սարդարապատում նա պետական բարձր պարգևներ՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհեց, «Մարտական խաչ» շքանշաններ հանձնեց տավուշյան մարտերի հերոսներին: Մինչդեռ Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է ՀՀ շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»։ Ա․ Սարգսյանն օգոստոսի 27-ից արձակուրդում է, իսկ միջոցառումը կազմակերպել էին դրա հաջորդ օրը, որպեսզի հերոսներին գնահատելու և պարգևատրելու դափնին ոչ թե նախագահը ստանար, այլ՝ վարչապետը։ Սակայն, «անալոգիայի կիրառմամբ», եթե ՀՀ նախագահը չի իրականացնում իր լիազորությունները, ապա, ըստ Սահմանադրության, դա անցնում է ոչ թե վարչապետին, այլ՝ ԱԺ նախագահին։ Այսինքն, յուրացվել են ԱԺ նախագահի լիազորությունները նույնպես։
4. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները, հասկանալով, որ վերջին շրջանում երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված չեն կարողանալու պետբյուջե մուտքեր ապահովել, և տնտեսական ավելի մեծ անկումն անխուսափելի է, ամեն գնով փորձում են օր առաջ կյանքի կոչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը։
Մասնավորապես, թերթը տեղեկություններ ունի, որ համապատասխան մարմնին հստակ հանձնարարվել է առաջիկա հնարավոր կարճ ժամկետում ակտիվ ու կազմակերպված մշակել աշխատանքային պլան և իշխանություններին ներկայացնել հստակ քայլերի մեխանիզմ։ Ի դեպ, նշենք, որ այս օրենքի կիրառելիությունը, բացի նրանից, որ բավականին լուրջ գործիքակազմ է պահանջելու, նաև տևական պրոցեսներով է անցնելու, և չի բացառվում, որ որոշ գործերի քննություն նույնիսկ տարիներ տևի։
Ըստ այդմ, փորձագետների կարծիքով, եթե իշխանությունները մտադիր են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքն իրենց համար դարձնել տնտեսական փրկօղակ, այդքան էլ հեշտ ու արագ իրականացվող գործընթաց չի լինելու։ Թերթի հետ զրույցում ոլորտային հայտնի մասնագետներից մեկը նշել է, որ այս օրենքի կիրառումը ոչ թե օգնելու է օրվա իշխանություններին, այլ անմիջական ազդեցություն է ունենալու երկրից կապիտալի արտահոսքի վրա, քանզի մարդիկ վաղ թե ուշ հասկանալու են, որ երկրում առողջ մթնոլորտն ուղղակի բացակայում է, տնտեսության նկատմամբ չկա վստահություն, քանզի կա մտահոգություն, որ գործ ունենք ոչ թե իրական ապօրինությունների բացահայտման, այլ անցանկալիների դեմ պայքարի միջոցի հետ։ Նրա խոսքով, սա արտաքին աշխարհում ՀՀ վարկանիշի անկման վրա լուրջ ազդեցություն է ունենալու և գրեթե ի սպառ վերացնելու է առանց այդ էլ գոյություն չունեցող ներդրումների հոսքը դեպի ՀՀ։
5. «Փաստ» թերթը գրում է, որ վերջին շրջանում նորից խոսվում է քաղաքական «թեժ աշնան» մասին, իսկ ահա իշխանության ներկայացուցիչների կողմից այս տեղեկություններին արձագանքում են հեգնանքով ու քամահրանքով։ Նրանց կարծիքով՝ ամեն տարի էլ այդ կարգի տեղեկություններ շրջանառվել են: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այդ լուրերն իրականում, մեղմ ասած, անհիմն չեն, ավելին՝ այդ ուղղությամբ այս շրջանում կոնկրետ քայլեր են իրականացվում, որի արդյունքներն առաջիկայում հայտնի կդառնան։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում առաջիկա ամիսների ընթացքում կտրուկ ակտիվացումներ են սպասվում, ի դեպ՝ մի քանի ուղղություններով։ Ընդ որում, այս դաշտում տեղի է ունենալու հստակ դերաբաշխում, թե քաղաքական որ ուժն ինչ պրոֆիլով է մտնելու «թեմայի» մեջ։
6. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020թ. հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 68.1 %-ը։ Հատկանշական է, որ 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.1 %-ով կամ 42.2 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 17.0 %-ով կամ 114.5 մլրդ դրամով:
ՊԵԿ կողմից հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2020 թվականի արդյունքները պակաս են 2019 թվականի արդյունքներին, սակայն ամեն դեպքում ավելին են , քան եղել են 2018 թվականին: Եվ կրկին այդ ամենի պատճառը կորոնավիրուսային իրավիճակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունն էր, երբ մի քանի ամիս տնտեսությունն ուղղակի կանգ առավ: Ըստ այդմ, 2020 թ. հունվար-հուլիս ամիսներին ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 253.9 մլրդ դրամ, որը 2019թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 6.6 %-ով, սակայն 2018թ. ցուցանիշը գերազանցում է 11.6 %-ով, շահութահարկի գծով մուտքերը կազմել են 102?5 մլրդ դրամ, որը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 15.4 %-ով, իսկ 2018թ. ցուցանիշից պակաս է 3.7 %-ով»:
7. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 14-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանին զուգահեռ իրենց աշխատանքներն են սկսում նաեւ մշտական հանձնաժողովները եւ քննարկելու են հարցեր, որոնք պետք է ընդգրկվեն արդեն հիմնական նստաշրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունենալու ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է բազմաչարչար «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այստեղ ուշագրավ է, որ նախագծերի փաթեթը կառավարության կողմից անհետաձգելի էր համարվել դեռ հուլիսի 9-ին, երբ ընդունվել էր կառավարության կողմից: Սակայն խորհրդարանն անհետաձգելի համարված նախագիծն այդպես էլ չընդունվեց:
8. «Ժամանակ» թերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ. քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները:
Ինչպես նշել էինք, Քոչարյանը հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հակաիշխանական ալյանս ձևավորելու համար՝ խոստանալով ապահովել համապատասխան աջակցություն»: