Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հայ զինվորականների հետ երկկողմանի գումարտակային մարտավարական զորավարժությունների ընթացքում պայմանական թշնամու թիկունքում դեսանտային վայրէջք են կատարել: Այս մասին գրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատը Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից գրոհային վայրէջք են կատարել «Ալագյազ» ուսումնավարժարանի տարածքում: Հետախուզական տարածքում լիարժեք հանդերձանքով բազմակիլոմետրանոց երթն ավարտելուց հետո զինծառայողները բացահայտել են պայմանական թշնամու հիմնական ուժերի գտնվելու վայրը, փոխանցել օբյեկտների և ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել կապը, գրոհել հրամանատարական կետը, առգրավել կարևոր փաստաթղթեր և պատանդներ վերցրել»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ տարհանման տարածք մուտք գործելիս հետախույզները հետ են մղել պայմանական թշնամու ստորաբաժանումների հարձակումը, իրականացրել վիրավորների տարհանում` դրան հաջորդող առաջին բուժօգնությամբ:
Մամուլի ծառայությունից տեղեկացրել են նաև, որ երկկողմ զորավարժությունների ընթացքում հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների զինծառայողներն ու անօդաչու թռչող սարքերի հաշվարկները ճնշել և ոչնչացրել են պայմանական թշնամու հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերը:
Հշեցնենք, որ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ Մի-8ՄՏՎ, Մի-24Պ ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ: