Անկախության օրը տարբերվում է մյուս տոներից նրանով, որ շնորհավորել, կարծես թե, բոլորին է պետք, դե՝ ինչպես Ամանորին, օրինակ, բայց ներսում ինչ-որ բան խանգարում է բոլորին անընդմեջ շնորհավորել։ Ոմանց այդ օրն ուղղակի «չես կարողանում շնորհավորել», և ոչինչ քեզ հետ չես կարող անել։ Բայց եկեք, այնուամենայնիվ, այսօր ոչ թե նրանց մասին խոսենք, այլ նրանց, ում պետք է շնորհավորենք, մյուսների նկատմամբ կարող ենք կիրառել բացառության պարզ մեթոդը:
Առաջին հերթին պետք է շնորհավորել հայկական բանակին, առանց որի անկախության 29 տարիները կարող էին չլինել։ Նրանց, ովքեր երեսուն տարի առաջ լուռ զենք են վերցրել և պարզապես գնացել են պատերազմի։ Նրանց, ովքեր 2016-ի գարնանը և 2020-ի ամռանն առանց մտածելու, առանց աչքերում վախի՝ կյանք տվեցին, որպեսզի մենք շարունակենք տոնել Անկախության օրը:
Նրանց, ովքեր ստիպեցին մեզ ապրել այս գրեթե երեք տասնամյակն՝ ի հակառակ կարծեցյալ տարբեր մեծ գործիչների ու տերությունների։ Նրանց, ովքեր այսօր ծառայում են այս բանակում, ովքեր կանգնած են սահմաններին, գնդակոծության տակ և սադրանքների մեջ, բայց ոչ մի վայրկյան թույլ չտվեցին իրենց կասկածել։ Եվ եթե չհաջողվեր հայկական բանակի կառուցումը, հնարավոր է, այսօր տոնելու բան չլիներ։
Նրանց, ովքեր ապրել են գնդակոծվող Ստեփանակերտի նկուղներում, իսկ հետո նույն տեղում հեքիաթային հրաշալի քաղաք կառուցել։ Նրանց, ովքեր խաչով՝ մի կողմից, և ինքնաձիգով՝ մյուս կողմից, եկեղեցական հագուստի տակ զրահաբաճկոնով՝ մկրտում և օրհնում էին գուցե իրենց կյանքում վերջին կռիվը գնացող զինվորներին։ Նրանց, ովքեր այսօր փորձում են պահպանել հնագույն եկեղեցիներն ու վանքերը, նրանց մեջ պահելով մարդկային շնչառության ջերմությունը, մոմեր են վառում։
Պետք է շնորհավորել նրանց, ովքեր չմեկնեցին 1990-ականների սկզբին ՀՀՇ-ի մութ, ապոկալիպտիկ շրջանում, ոչ էլ մի փոքր լուսավոր «հետոյում», – սովորեցնում էին ու բուժում, ավլում փողոցները և մեզ տեղափոխում տրանսպորտով, մշակում էին հողն ու անասուններ, ապրում էին եղյամապատված բնակարաններում ու տներում, բայց չէին մեկնում։ Մարզիկ-չեմպիոններին և գիտնականներին, ծխախոտ վաճառողներին և երիտասարդ մատուցողուհիներին. կներեք, ում չհիշատակեցի. դա անհնար է:
Բոլոր նրանց, ովքեր ծնվել են Հայաստանի սահմաններից դուրս, ապրում են Ավստրալիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում, բայց իրենց համարում են արմատներին կապված, նույնիսկ, եթե դեռ չեն այցելել նրանց ֆիզիկապես, նույնպես պետք է շնորհավորել. այս ցուցակից սովորաբար մարդիկ բացառում են իրենց, և մենք չենք դատում նրանց։
Եվ վերջում՝ ինքներդ Ձեզ։ Միայն դրանից առաջ պետք է Ձեզ ասոցացնել այս ցուցակներից մեկին կամ դրանց բացառություններին։ Վերջինս շատ դժվար է, իհարկե, բայց կարող եք փորձել գոնե մեկ անգամ կյանքում ոչ թե ստել, այլ ասել ճշմարտությունը՝ նույնիսկ ոչ թե լսարանի, այլ ինքներդ Ձեզ համար։
Ռուբեն Գյուլմիսարյան, Armenia Today-ի խմբագիր