«Ժողովուրդ» թերթ
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին
«Նախօրեին՝ ՀՀ անկախության 29 ամյակի առիթով կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ, բեմում մրցանակ է հանձնել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ լուսավորականները անակնկալի են եկել, երբ բեմ է բարձրացել Թանդիլյանը: Բանն այն է, որ գրեթե բոլորը տեղեկություններ ունեն, թե Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով Ավստրալիայում է, բուժում է ստանում, ու հանկարծակիի են եկել, երբ տեսել են իշխանության կազմակերպած միջոցառմանը:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 14-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ «Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ»,-նշել էր պատգամավորը:
Դրանից հետո լուսավորականներն էլ ներքին քննարկումների ժամանակ հայտարարում էին, թե Թանդիլյանը գնացել է արտասահման բուժում ստանալու, բայց, կարծես թե, դա այդքան էլ իրական չէ: Մենք փորձեցինք զրուցել Մանե Թանդիլյանի հետ, սակայն ապարդյուն. նա սոցիալական ցանցերում ապակտիվացրել է իր էջերը ու չի արձագանքում մեր ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ նամակներին»։
«Հրապարակ» թերթ
Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը
«Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանություններն ամեն գնով փորձում են հոկտեմբերի սկզբին Մնացականյան-Պոմպեո հանդիպում կազմակերպել: Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը և հանձնարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ ամեն ինչ անել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյին հանդիպելու համար:
ԱԳՆ-ի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ-ում հայկական լոբբիստների եւ համայնքի ուժերը մոբիլիզացվել են, որ այդ հանդիպումը դասավորեն: Ավելին, Հայաստանի դեսպանությունն ամերիկացի լոբբիստներ է վարձել՝ պետքարտուղարի հետ հանդիպումը գլուխ բերելու համար, և նրանց բարձր գումարներ են վճարում պետբյուջեից: Մեկը նախկին սենատոր 97-ամյա Բոբ Դոուլն է»:
Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատելով այն փաստից, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները, կարող ենք կանխատեսել, որ գուցե իրականություն դառնան մեր տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն։
Մարտիրոսյանը քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերները կատարողի համբավ ունի: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ Մարտի 1-ից հետո «7-ի գործի» քննությամբ, ապա նաև Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ ակտիվիստների գործերով․ բոլոր գործերով արձակել է մեղադրական դատավճիռներ:
Մարտիրոսյանն է կայացրել նաև Մանվել Գրիգորյանի կալանքի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Իսկ ժամանակին Քոչարյանի թիկնապահին՝ Կուկուին, ազատել է պատժի կրումից՝ սիմվոլիկ պայմանական ազատազրկման դատապարտելով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով»:
«Փաստ» թերթ
Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել
«Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ լուրջ հակասություններ են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Մասնավորաբար, որ Տեր-Պետրոսյանը փորձել է ՀԱԿ-ը ամբողջությամբ տարանջատել Փաշինյանից և հայտարարել է, որ եթե երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինի, ՀԱԿ-ը գլխավորելու է «Ոչ»-ի շտաբը..․
Ի դեպ, այս մասին օրերս մի հեռուստահաղորդման ժամանակ խոսեց նաև «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ փաստացի, կարելի է ասել, սկանդալային մանրամասներ գաղտնազերծելով Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումից:
Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արման Վարդանյանը օրերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ հանդիպումներ է ունեցել ռուսական իշխանական քաղաքական շրջանակների հետ:
Արդյո՞ք հենց այդ հանդիպումների ժամանակ է նրան փոխանցվել վերոնշյալ տեղեկությունը: «Փաստը» փորձեց հարցի հետ կապված մանրամասներ ճշտել անձամբ Վարդանյանից, որն ասաց, որ այս պահին այլ մեկնաբանություն չի պատրաստվում տալ»:
Ինչո՞ւ ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից
«Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է «Մխիթար Հերացի» մեդալով: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ պարգևատրվողների մեջ չկա գեթ մեկ բուժաշխատող առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սա առաջին հերթին խիստ անձնական դրդապատճառներ ունի: Բանն այն է, որ բուժաշխատողներին պարգեւատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքը այս կլինիկայի հանդեպ, մեղմ ասած, դրական չէ: Հենց միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի՝ մեծ աղմուկ բարձրացրած միացման գործընթացի և «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հրաժարականի պատմությունն ու վերջինիս պարզաբանումները բավականին խոսուն են»:
«Ժամանակ» թերթ
Ինչպես է իշխանությունը փորձում սաստել անհնազանդ պատգամավորներին
««Իմ քայլը» խմբակցությունից որոշ պատգամավորների հնարավոր դուրս գալու խոսակցությունների ֆոնին կրկին ակտիվացել են խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին լուրերի տարածումը:
Դրանով իշխանությունը փորձում է սաստել անհնազանդ պատգամավորներին՝ հասկացնելով, որ եթե նրանք շարունակեն ընդվզել և ընդդիմանալ վերևից իջեցվող հրահանգներին, ապա կարող են ընդհանրապես զրկվել պատգամավորական մանդատից»:
Ահազանգում են ուսանողները. ԵՊՀ-ն չի վճարում անվճար համակարգում սովորողների կրթաթոշակները
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանը մարտ ամսից սկսած անվճար համակարգում սովորող ուսանողների կրթաթոշակները չի վճարում։
Մեզ են դիմել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները, ովքեր նշեցին, որ այս տարի ստացել են միայն հունվար-փետրվար ամիսների կրթաթոշակները։ Պատճառը հետևյալն է՝ ուսանողներին դեկանատից տեղեկացրել են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով քանի որ դասապրոցեսը տեղի է ունեցել հեռավար, հետևաբար ուսանողները կրթաթոշակ չեն ստանալու։
Ի դեպ, նշենք, որ միայն կենսաբանության ֆակուլտետի ուսանողները չեն, որ զրկվել են կրթաթոշակից, այլ բուհի բոլոր անվճար սովորող ուսանողները»։